Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Հյուսիսային պողոտայում «ԱրմենՏելի» աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծածկռտուքի վերաբերյալ:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.

«Սեպտեմբերի 3-ին,  ժամը 00.35-ին,  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ քունքային մասի փափուկ  հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացի  Վաֆա Ա.-ն,  որը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Երեւանի Հյուսիսային պողոտայում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտ, նույն հասցեում գտնվող «Բիլայն» ընկերության երեք  աշխատակիցներ վիճաբանել են Վաֆա Ա.-ի հետ, որի ժամանակ հարվածել են վերջինիս եւ պատճառել վնասվածք:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին  հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:

Նույն օրը, ժամը 17.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ Ալբերտ Ա.-ն վնասվածքը ստացել է ոչ թե ԵՊՃՀ սպորտ դահլիճում, այլ Վաֆա Ա.-ի եւ նրա ընկերների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միաժամանակ պարզվել է «Բիլայն» ընկերության մյուս աշխատակիցների ինքնությունը՝ Հայկ  Ս., Գուրգեն Մ. եւ Մնացական Ս.,  որոնք հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս սեպտեմբերի 2-ին,  ժամը 23.35-ին Հյուսիսային պողոտայում վիճաբանել են Վաֆա Ա.-ի եւ նրա երեք ընկերների հետ, որի ընթացքում հարվածել են միմյանց:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  Ալբերտ Ա.-ից եւ Գուրգեն Մ.-ից ընդունվել են հաղորդումներ:

Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն»:

Ավելի վաղ այս դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաեւ «ԱրմենՏել» ընկերությունը, որտեղ նշել էր, որ Հյուսիսային պողոտայի Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ մուտք են գործել օտարերկրյա մի քանի քաղաքացիներ, ովքեր, հավանաբար, գտնվելով ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ, խոչընդոտել են գրասենյակի բնականոն աշխատանքին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել գրասենյակի աշխատակիցների եւ  հաճախորդների հանդեպ եւ դաժանաբար ծեծի ենթարկել իրենց աշխատակիցներին:

http://news.am/arm/news/170019.html