Սեպտեմբերի 1-ին Վոլգոգրադում բռնաբարված եւ սպանված տասը տարեկան տղային` հայազգի Ռոման Հովհաննիսյանին տեղափոխել են Հայաստան` այստեղ հուղարկավորելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:
Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի հայերի միությունը ֆինանսավորել է ծնողներին, որպեսզի նրանք կարողանան երեխայի դին տեղափոխել եւ հուղարկավորել Հայաստանում: Օրերս նրանք վերադարձել են Հայաստան: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ գործը ընթացք ստանա, եւ մեղավորը պատժվի»,- ասաց Գերման Անանյանցը: Նա նշեց, որ հայ տղային դաժանաբար սպանողը անհաջող ընտանիքից է, այժմ նա իրավապահ մարմինների հսկողության տակ է, ցուցմունքներ է տալիս: Գերման Անանյանցը շեշտեց, որ դեպքը ազգամիջյան տարաձայնությունների հողի վրա չի եղել, այլ կենցաղային խնդիրների շուրջ ծագած վիճաբանության արդյունքում:
Ընտանիքի մասին այլ մանրամասներ չհաջողվեց ճշտել, միայն հայտնի է, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Վոլգոգրադում սեպտեմբերի 3-ին մահացած էին գտել նախօրեին դպրոցից անհետացած տղային: Նախնական տվյալներով՝ երեխային սպանել են՝ գլխին հարվածելով:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ նախքան մահանալը, երեխան սեռական բռնության էր ենթարկվել: Բացի այդ նրա գլխին առնվազն հինգ հարված էր հասցվել: Սպանության կասկածանքով հետախուզվում է 17-ամյա Անդրեյ Մալիշկոն: Նա ձերբակալել են սեպտեմբերի 4-ին: Տղայի սպանությունից անմիջապես հետո նա փախուստի է դիմել: Նա խոստովանել է հանցանքը եւ քննիչներին պատմել, որ դպրոցականի հետ այդպես է վարվել սոսինձ շնչելուց հետո:




























