Դամասկոսը ողջունում է Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիմ Մուալեմը:
«ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ մեր բանակցությունների ընթացքում նա քիմիական զենքի հետ կապված նախաձեռնությամբ հանդես եկավ: Ես ուշադիր լսեցի նրա հայտարարությունը: Այդ առնչությամբ հայտարարում եմ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ռուսական նախաձեռնությունը՝ ելնելով մեր քաղաքացիների կյանքի եւ մեր երկրի անվտանգության նկատմամբ Սիրիայի ղեկավարության մտահոգությունից: Մենք նաեւ վստահ ենք ՌԴ ղեկավարության իմաստության վրա, որը փորձում է կանխել մեր ժողովրդի դեմ ուղղված ամերիկյան ագրեսիան»,-ասել է Մուալեմը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Սիրիային կոչ է անում քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողությանը, եթե դա թույլ կտա խուսափել ԱՄՆ կողմից ռազմական հարվածներից:
Ռուսաստանը Սիրիային կոչ է անում միջազգային վերահսկողությանը հանձնել քիմիական զենքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նույնպես հավանություն է տվել Սիրիայի քիմիական զենքը ՄԱԿ-ի վերահսկողությանը հանձնելու գաղափարին, հաղորդում է Russia Today-ը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Բաշար Ասադը կարող է խուսափել օտարերկրյա միջամտությունից, եթե հաջորդ շաբաթվա ընթացքում ողջ քիմիական զենքը հանձնի միջազգային հանրությանը:





























