ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոն Քերրին հայտարարել է, որ Սիրիան կարող է խուսափել ռազմական գործողությունից, եթե շաբաթվա ընթացքում քիմիական զենքի նկատմամբ վերահսկողությունը փոխանցի միջազգային հանրությանը: Քերրին նման հայտարարությամբ հանդես է եկել սեպտեմբերի՝ 9-ին՝ Ֆորին-օֆիսի ղեկավար Ուիլյամ Հեյգի հետ բանակցությունների ավարտին:

Ըստ Քերրիի` ԱՄՆ-ի ղեկավարությունը լիակատար գիտակցում է, որ սիրիական հակամարտության  լուծումն ընկած է բացառապես քաղաքական հարթությունում: «Այստեղ ռազմական ճանապարհ պարզապես չկա, մենք այդ հաշվով պատրանքներ չունենք», - հայտարարել է պետքարտուղարը, հաղորդում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Reuters-ը: Միաժամանակ,  Քերրին կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հազիվ թե համաձայնի կատարել այդ պայմանը: