Սլովենիայի Տրիգլավ սառցադաշտի վերջին հատվածը հալվել է Եվրոպայում ռեկորդային շոգ ամռանից հետո։ Ալպերի հարավարևելյան հատվածի ամենահայտնի սառցադաշտերից մեկի անհետացումը դարձել է Եվրոպայում կլիմայի սրընթաց փոփոխության հերթական վկայությունը, հայտնում է The Guardian-ը։
Սլովենիայի ամենաբարձր գագաթին՝ Տրիգլավ լեռան վրա գտնվող սառցադաշտը 1983-2003 թվականներին կորցրել է իր մակերեսի 93%-ը։ Այդ ժամանակ սառցադաշտը ժայռոտ մակերևույթի վրա մեկ հեկտարից պակաս տարածք էր զբաղեցնում։ Չնայած գիտնականների՝ շուտով անհետանալու մասին կանխատեսումներին՝ սառցային զանգվածը պահպանվել էր ևս շուրջ երկու տասնամյակ։
Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում, որոնցից երեքը Եվրոպայում դիտարկումների ամբողջ պատմության ամենաշոգ տարիներն էին, սառցադաշտը գրեթե ամբողջությամբ հալվել է։ Այս ամռան ավարտին դրա հիմնական զանգվածից մնացել էր ընդամենը մի քանի մետր չափերով փոքր հատված։ Հոկտեմբերին ձյուն տեղալուց առաջ և հետո արված լեռնալանջի լուսանկարները հաստատել են, որ բաց սառույց այլևս չի մնացել։
Անտոն Մելիքի անվան աշխարհագրության ինստիտուտի տնօրեն Մատիա Զորնը, որը սառցադաշտն ուսումնասիրում էր 2001 թվականից, խոստովանել է, որ դրա անհետացման արագությունը զարմացնում էր անգամ մասնագետներին։
«Ամեն տարի գիտեի, որ սառույցն ավելի ու ավելի քիչ է լինելու։ Բայց ամեն տարի ցնցվում էի՝ տեսնելով, թե որքան է այն նվազել»,- պատմել է գիտնականը։
Նա նշել է, որ սառցադաշտի անհետացումը նշանակում է ոչ միայն գիտական տվյալների կարևոր աղբյուրի կորուստ, որը հնարավորություն էր տալիս հետևել կլիմայի փոփոխություններին, այլև Սլովենիայի ազգային ժառանգության մի մասի կորուստ։ Տրիգլավ լեռը կենտրոնական տեղ է զբաղեցնում երկրի ազգային ինքնության մեջ և պատկերված է նրա պետական դրոշի վրա։
Պատմական լուսանկարներն ու փաստաթղթերը վկայում են, որ XIX դարի կեսերին սառցադաշտը զբաղեցնում էր շուրջ 40 հեկտար։ 1946 թվականին, երբ գիտնականներն առաջին անգամ պաշտոնական չափումներ կատարեցին, դրա մակերեսը կրճատվել էր շուրջ 14 հեկտար։
Փոփոխությունները հատկապես արագացել են վերջին տասնամյակներին։ 2002 թվականին հետազոտողները սառցադաշտից երկրաքիմիական վերլուծության համար հանել են մոտ հինգ մետր խորությունից վերցված սառցակորիզ՝ սառույցի գլանաձև նմուշ։ Արդեն հաջորդ տարի նույն տեղում գիտնականը կանգնած էր մերկ ժայռի վրա։
Տաքացումը սպառնում է նաև Ալպերի մյուս սառցադաշտերին։ Սեպտեմբերին շվեյցարացի սառցադաշտաբանները հայտնել են, որ վերջին հինգ տարիներին երկիրը կորցրել է իր սառցային պաշարների գրեթե մեկ հինգերորդը։ Միայն 2026 թվականին շվեյցարական սառցադաշտերի ծավալը նվազել է 5,5%-ով։
Սլովենիայում՝ Սկուտա լեռան վրա, դեռ պահպանվում է սառցային մի փոքր հատված։ Շրջակա ռելիեֆի շնորհիվ այն ավելի լավ է պաշտպանված արևային ճառագայթումից, ուստի գիտնականներն ակնկալում են, որ այն կկարողանա պահպանվել ևս մի քանի տարի։ Բացի դրանից, Տրիգլավի սառույցի նահանջը նոր անցումներ է բացել դեպի քարանձավներ, որտեղ հետազոտողները սառույց են հայտնաբերել։
Սառցադաշտաբան և լեռնային ուղեկցորդ Միհա Պավշեկը նշել է, որ փոփոխությունները տեղի են ունենում բառացիորեն աչքի առաջ, սակայն հասարակությունը դրանք առայժմ բավականաչափ լուրջ չի ընկալում։
«Սառցադաշտի հալվելուն զուգընթաց հեռանում է նաև իմ մի մասը»,- ասել է նա՝ հիշելով 1957 թվականին սառցադաշտի մոտ արված իր ծնողների լուսանկարը։ «Կան բաներ, որոնք մարդիկ հավերժական էին համարում։ Ակնհայտ է, որ սառցադաշտերը դրանց թվում չեն»։





























