Ֆրանսիայի իշխանությունները դիտարկել են հոկտեմբերի 24-ի բողոքի ցույցերի ժամանակ սոցիալական ցանցերն ու բջջային ինտերնետն արգելափակելու հնարավորությունը՝ անկարգությունների մասնակիցներին իրենց գործողությունները համակարգելու հնարավորությունից զրկելու համար, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով կառավարության ծրագրերին ծանոթ երկու աղբյուրի։
Բողոքի ակցիաներին նախորդող շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը կապի օպերատորների հետ քննարկել է առանձին շրջաններում սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակելու կամ բջջային ինտերնետն ամբողջությամբ անջատելու եղանակները։ Նախաձեռնությունը հասել է վարչապետ Սեբաստիեն Լըկոռնյուին, որը նամակով օպերատորներին խնդրել է պատրաստ լինել արգելափակելու TikTok-ը, Instagram-ը, Snapchat-ը և X-ը։ Փաստաթուղթը հրապարակել է ֆրանսիական Blast առցանց պարբերականը։
Վարչապետի գրասենյակի, թվային տեխնոլոգիաների նախարարության և ՆԳՆ-ի ներկայացուցիչները չեն հերքել ո՛չ նամակի գոյությունը, ո՛չ էլ նման միջոցների քննարկման փաստը։
Կառավարությունը մտավախություն ուներ, որ հոկտեմբերի 17-ի ցույցերի ժամանակ արձանագրված բռնությունները կկրկնվեն կամ կսաստկանան հաջորդ հանգստյան օրերին։ Սակայն հոկտեմբերի 24-ին անկարգություններն զգալիորեն ավելի քիչ էին։
Հեռահաղորդակցային ընկերության՝ անանուն մնալ ցանկացած աշխատակցի պատմելով՝ իշխանությունների հիմնական նպատակն էր փակել կապի այն ուղիները, որոնց միջոցով փողոցային խմբավորումները պայմանավորվում են հանդիպումների մասին և անկարգություններ կազմակերպում։
Միաժամանակ սահմանափակումները կազդեին նաև խաղաղ ցուցարարների վրա։ Տեխնիկապես անհնար է սոցիալական ցանցերն արգելափակել միայն կոնկրետ շրջանի օգտատերերի համար, իսկ բջջային ինտերնետի անջատումը կխաթարեր այլ կարևոր ծառայությունների աշխատանքը, այդ թվում՝ բջջային վճարումները, տեսահսկման համակարգերն ու արտակարգ կապը։ Որպես պակաս արմատական այլընտրանք՝ իշխանությունները դիտարկել են տեղորոշման գործառույթների անջատումը՝ միմյանց անծանոթ մարդկանց զանգվածային հավաքները համակարգելուն խոչընդոտելու համար։
Առցանց բովանդակության սահմանափակման հարցը քննարկվում է նաև խորհրդարանում՝ «Ով կոտրում է, նա էլ վճարում է» օրինագծի շրջանակում։ Այն ֆինանսական պատասխանատվություն է նախատեսում անկարգություններին գիտակցաբար մասնակցած անձանց համար՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք անձամբ գույքային վնաս հասցրե՞լ են, թե՞ ոչ։ Բացի դրանից, հարթակներին կարող են պարտավորեցնել 24 ժամվա ընթացքում հեռացնել բռնություն, գողություն և գույքի վնասում հրահրող հրապարակումները, եթե դրանք կարող են լրջորեն խաթարել հասարակական կարգը, իսկ խռովության կոչերը՝ մեկ ժամվա ընթացքում։




























