Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը։
Զրույցի թեմաներից մեկը եղել է ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը։ Ըստ Էրդողանի՝ կազմակերպության ապագա ղեկավարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլական և փորձ՝ ՄԱԿ-ին բազմակողմ համագործակցության կենտրոնի դերը վերադարձնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու համար։
Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում անցկացվելիք COP31 կլիմայական համաժողովի շրջանակում անցկացվող համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին։ Ֆրանսիայի նախագահն իր հերթին թուրք գործընկերոջը շնորհավորել է հոկտեմբերի 29-ին նշվող Հանրապետության օրվա կապակցությամբ։
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նրա իրավահաջորդի ընտրությունն ընթանում է կազմակերպության բարեփոխման և միջազգային խնդիրների լուծման գործում դրա դերի ամրապնդման անհրաժեշտության շուրջ քննարկումների հետնապատկերին։





























