Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը դեմ են արտահայտվել Եվրամիության և Կանադայի համատեղ հռչակագրի նախագծում Կանադայի ասոցացված անդամակցության գաղափարը ներառելուն։ Եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ իրավաբանորեն չսահմանված կարգավիճակը իրավական անորոշություն կստեղծի և նախադեպ կդառնա այլ պետությունների հետ ԵՄ համագործակցության համար, Euronews-ին հայտնել են հինգ եվրոպացի դիվանագետներ։
Տարաձայնություններն առաջացել են ԵՄ-Կանադա գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի Մոնրեալում՝ հինգշաբթի և ուրբաթ օրերին։
Սեպտեմբերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել էր դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը։ Նա այդ գաղափարը հնչեցրել էր Եվրախորհրդարանին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ, որին ներկա էր Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Սակայն նախաձեռնությունը նախապես համաձայնեցված չէր ո՛չ անդամ պետությունների, ո՛չ էլ բուն Եվրահանձնաժողովի ներսում, ինչն անակնկալի էր բերել նաև Բեռլինին և Փարիզին։
Անցած շաբաթ շրջանառված հռչակագրի թարմացված նախագծում առաջարկվում էր Կանադայի իշխանությունների հետ պարբերաբար տեղեկություններ փոխանակել առանցքային քաղաքական և կարգավորիչ նախաձեռնությունների վերաբերյալ, իսկ 2027 թվականի գագաթնաժողովում սահմանել ապագա գործընկերության ամբողջ ծավալը։
Երկուշաբթի երեկոյան փաստաթղթում փոփոխություն է կատարվել՝ հստակեցնելով, որ ասոցացված անդամակցության հայեցակարգն առաջարկել է Եվրահանձնաժողովը։ Սակայն դա չի փարատել չորս երկրների առարկությունները։ Նրանք փաստաթղթին դեմ են արտահայտվել մինչև այսպես կոչված լռելյայն հավանության ընթացակարգով համաձայնեցման ժամկետի ավարտը. այդ ընթացակարգով հռչակագիրը համարվում է ընդունված, եթե որևէ պետություն առարկություն չի ներկայացնում։
Այժմ սպասվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի աշխատակազմը կշրջանառի փաստաթղթի նոր խմբագրությունը։ Չորեքշաբթի նախատեսվում են լրացուցիչ բանակցություններ դեսպանների մակարդակով։
Հիմնական տարաձայնությունները վերաբերում են ոչ թե Կանադայի հետ կապերն ամրապնդելու ձգտմանը, այլ նոր կարգավիճակի իրավական իմաստին։ Գերմանիան պնդում է, որ նախ անհրաժեշտ է սահմանել համագործակցության բովանդակությունը և միայն դրանից հետո այն ամրագրել հռչակագրում։ Դիվանագետներից մեկը Euronews-ին հայտնել է, որ այդ եզրույթը նախատեսված չէ ԵՄ պայմանագրերով և կարող է անորոշություն առաջացնել կողմերի իրավունքների ու պարտավորությունների հարցում։ Միաժամանակ, ըստ նրա, բանակցությունների մասնակիցները ցանկանում են այս հայեցակարգն իրականացնելու միջոց գտնել։
ԵՄ երկրներն ընդհանուր առմամբ աջակցում են Կանադայի հետ համագործակցության ընդլայնմանը պաշտպանության, առևտրի, էներգետիկայի, ռազմավարական նշանակության հումքի և սահմանային անվտանգության ոլորտներում։ Ինքը՝ Քարնին, ևս միանշանակ աջակցություն չի հայտնել «ասոցացված անդամակցություն» ձևակերպմանը՝ նախընտրելով խոսել «ապագայի միության» մասին և ընդգծելով, որ գլխավորը պայմանավորվածությունների բովանդակությունն է։
Ֆոն դեր Լայենը նախկինում ևս քննադատության է ենթարկվել առանց ԵՄ պետությունների հետ նախնական համաձայնեցման խոշոր նախաձեռնություններն ինքնուրույն առաջ մղելու համար։ 2023 թվականին Թունիսի հետ միգրացիոն համաձայնագրի մասին հայտարարելու նրա որոշումը հարցեր էր առաջացրել համապատասխան լիազորության առկայության վերաբերյալ։ Դիվանագետներից մեկի կարծիքով՝ ներկայիս իրավիճակը շատ առումներով հիշեցնում է այդ դեպքը. համագործակցության նպատակները հավանության են արժանանում, սակայն դրանց հասնելու եղանակը վեճերի տեղիք է տալիս։
Ասոցացված անդամակցության գաղափարն ավելի վաղ հնչեցրել էր նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որն առաջարկել էր այն կիրառել ԵՄ-ի հետ Ուկրաինայի կապերն ամրապնդելու և անդամակցությանը նախապատրաստվելու ընթացքում Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ Կանադայի դեպքում խոսքն այլ մոդելի մասին է՝ առավելագույն սերտ գործընկերություն մի պետության հետ, որը չի կարող Եվրամիության անդամ դառնալ ընդհանուր հիմունքներով։
Եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ շատ երկրներ շահագրգռված են ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդմամբ, սակայն Բրյուսելը դեռ չի հստակեցրել, թե համագործակցության ինչ ձևաչափեր կարող է նրանց առաջարկել։ Ուստի Կանադայի հետ համաձայնագիրը կարող է օրինակ դառնալ այլ պետությունների հետ ապագա պայմանավորվածությունների համար։





























