Մոսկվան Սիրիային կոչ է անում միջազգային վերահսկողությանը հանձնել քիմիական զենքը, եթե դա թույլ կտա խուսափել ԱՄՆ կողմից ռազմական հարվածից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե այդ երկրում քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողությունը թույլ կտա խուսափել հարվածներից, ապա մենք անմիջապես սկսում ենք Դամասկոսի հետ աշխատանքները»,-ասել է Լավրովը:
«Կոչ ենք անում սիրիական կառավարությանը ոչ միայն թույլ տալ միջազգային վերահսկողություն սահմանել քիմիական զենքի պահուստների նկատմամբ, այլեւ ոչնչացնել դրանք, ինչպես նաեւ լիարժեքորեն միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը»,-հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն իր առաջարկությունը հանձնել է Սիրիայի ԱԳ նախարարին, որը Մոսկվայում է: «Հույս ունենք արագ եւ դրական պատասխան ստանալ»,-եզրափակել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Բաշար Ասադը կարող է խուսափել օտարերկրյա միջամտությունից, եթե հաջորդ շաբաթվա ընթացքում ամբողջ քիմիական զենքը հանձնի միջազգային հանրությանը:





























