Ես վստահ եմ, որ ով էլ փոխարինի ինձ, հիանալի աշխատելու է: Այս մասին,այսօր՝ սեպտեմբերի 13-ին, դատախազության շենքի մոտ, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան նշեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Հարցին, թե իր կարծիքով, Հայաստանի նախագահն ինչո՞վ պայմանավորեց, որ իրեն չվերանշանակեց գլխավոր դատախազի պաշտոնում, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Ես արդեն 40 տարի աշխատել եմ»:
Իս Ձեր աշխատանքից գոհ եք, հարցին էլ արձագանքեց. «Կործանված կլինի մի մարդ, որն ինքն իրենցի գոհ կլինի»: Նա նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում բազում թերություններ են եղել, բայց չկոնկրետացրեց, թե ինչ թերությունների մասին է խոսքը, նաեւ հրաժարվեց 5-բալանոց սանդղակով գնահատել ինքն իրեն:
Գլխավոր դատախազության շենքից դուրս գալով եւ անցնելով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմացի սրճարանի կողքով, Աղվան Հովսեփյանը բարեւեց Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, ով այնտեղ ճաշում էր: Նրանք ողջագուրվեցին եւ Աղվան Հովսեփյանը շարունակեց իր քայլքը՝ ասելով, որ տուն է գնում:
Երբ NEWS.am-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություն խնդրել Գագիկ Բեգլարյանից գլխավոր դատախազի պաշտոնում հավանական թեկնածուի եւ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման մասին, նա ասաց, որ հաց է ուտում:






























