Հալեպի բնակիչները շարունակում են համացանցի եւ հեռախոսակապի հետ կապված խնդիրներ ունենալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ եկեղեցու Բերո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս քաղաքում ինտերնետը չկա, իսկ հեռախոսակապը գործում է Հալեպի ներսում, իսկ քաղաքից դուրս կամ արտասահման զանգահարել հազվադեպ է հաջողվում: Միջազգային կապը փաստացի չի գործում:
Անդրադառնալով Հալեպի բնակիչների եւ մասնավորապես հայ համայնքի վիճակին, Ռեիսյանը նշեց, որ քաղաքում զգալիորեն զանկացել են առաջին անհրաժեշտության եւ տնտեսական ապրանքները: «Ընդհանուր առմամբ, իրավիճակը քաղաքում չի փոխվել, բոլորն ապրում են սպասման մեջ, սակայն բոլորին անհանգստացնում է առաջին անհրաժեշտության պարանքների անբավարարությունը»:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, մինչեւ Սիրիայում արյունալի իրադարձությունները, երկրում բնակվում էր մոտ 60-70 հազար հայ: Նրանցից մոտ կեսը բնակվում էր Հալեպում, մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասաքե, Յակուբիա, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:





























