35-ամյա Ռուստամ Խ.-ն, եղբոր եւ ընկերոջ հետ  բռնությամբ ամուսնության նպատակով աղջիկ է փախցրել եւ նրա հետ գիշերելուց հետո հետ տարել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 35-ամյա Ռուստամ Խ.-ին, 31-ամյա Արման Խ.-ին, 34-ամյա Գուրգեն Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ Ռուստամ Խ.-ի հետ ամուսնության նպատակով բացահայտ առեւանգել են Հայկուհի Զ.-ին:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ռուստամ Խ-ն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք տվեց այն մասին, որ ինքն ու Հայկուհին ճանաչել են իրար, ինքը մի քանի անգամ ընտանիք կազմելու առաջարկություն է արել նրան, վերջինս էլ ասել է, թե կմտածի, քանի որ իր ծնողները համաձայն չեն եւ իրենց ամուսնությունը հնարավոր չէ:

2013 թվականի մարտի 25-ին Ռուստամ Խ.-ն, նախապես իմանալով, որ Հ. Զ.-ն գտնվում է ընկերուհու տանը, մոտ երկու ժամ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, եղբոր՝ Արման Խաչատրյանի եւ ընկերոջ՝ Գուրգեն Կիրակոսյանի, հետ միասին կամրջի մոտ սպասել են նրան: Երբ աղջիկն ընկերուհու տնից վերադառնալիս է եղել. եղբայրը՝ Արման Խ.-ն, մոտեցել է Հայկուհի Զ.-ին եւ փոխանցել, որ Ռուստամն իր հետ խոսելու բան ունի եւ առաջարկել է նստել մեքենան: Արմանը բռնել է աղջկա ձեռքը, միաժամանակ բացել ավտոմեքենայի հետեւ դուռը, Հայկուհուն նստեցրել է մեքենան, իսկ Արմանը նստել է իր կողքի նստատեղին:

Ռուստամը ցուցմունքում նշել է, որ Հայկուհու նկատմամբ որեւէ մեկը բռնություն չի գործադրել եւ նա իր կամքով է նստել մեքենան: Դրանից հետո ինքը մեքենան վարել է դեպի Գյումրի:

Ռուստամն ու Հայկուհին միասին գնացել են «Անի» թաղամասում գտնվող իր քեռու տուն, որտեղ Հայկուհին թուղթ է գրել, որ իրեն չեն առեւանգել, որ ինքը Ռուստամ Խ-ի հետ Գյումրի նրա բարեկամի տուն հյուր է եկել:

Ըստ Ռուստամի ցուցմունքների, ինքը ցանկացել է հետ վերադարձնել Հայկուհուն, բայց նա չի ցանկացել՝ ասելով, որ վախենում է ծնողներից, քանի որ վերջիններս իրեն չեն ների: Հետո նրանք գնացել են Ռիտա Հովակիմյանի տուն, որտեղ գիշերելուց հետո մարտի 27-ի առավոտյան Հայկուհու հետ միասին ներկայացել են ոստիկանություն: Այստեղ աղջկան մայրը համոզել է, եւ նա հաղորդում է տվել, որ իրեն իր կամքին հակառակ առեւանգել են:

Դատաբժշկական փորձաքննության թիվ 214 եզրակացությամբ՝ Հայկուհի Զ.-ի ստացել է  մարմնական վնասվածք՝ աջ սրունքի վերին/3-ի ներսային մակերեսի արյունազեղման ձեւով հասցվել է բութ կոշտ առարկայով,որը առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում: Բացի այդ, նա կորցրել է կուսությունը:

Քննելով գործը դատարանը վճռել է Ռուստամ  Խ.-ին եւ մյուս երկու ամբաստանյալներին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, որը կրելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Արման Խ.-ին եւ Գուրգեն Կ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: