Աշխատանքային այցով Լոռիի մարզում գտնվող Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մասնակցել է ոստիկանության Լոռիի մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման արարողությունը կատարել են բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները:

Ի դեպ, հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաեւ Վանաձորում:

Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցել են Լոռիի մարզի մյուս իրավապահ կառույցների ղեկավարները, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, Վլադիմիր Գասպարյանը շրջել է նորոգված շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:

Այնուհետեւ ոստիկանության պետը պատասխանել է մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելել է նաեւ ոստիկանության Տարոնի բաժին, զրուցեց աշխատակիցների հետ, ծանոթացավ ծառայության պայմաններին:

Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի ոստիկանության անձնակազմի հետ: