Թուրքերը հասկանում էին, որ Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի զսպվածությունն ավելի վտանգավոր էր, քան ամենամոլեռանդ ծայրահեղությունը, եւ որոշեցին հեռացնել նրան: Այդ մասին սեպտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արեւմուտքի հայերի հարցերի ուսումնասիրման կենտրոն» գիտահետազոտական ֆոնդի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը՝ հավելելով, որ դա իրենց գործելաոճն է:
«Մենք բոլորս էլ գիտենք, թե ով է իրականում պատվիրել Հրանտ Դինքի սպանությունը»,- նշել է նա:
Նրա խոսքով, Թուրքիայում միայն բանակը չէ, որ իշխանություն ու լծակներ ունի, այլ հենց պետության ձեռքում են գտնվում բոլոր ուժային կառույցները, ինչպես բանակն ու ոստիկանությունն, այնպես էլ գաղտնի ծառայությունները: «Թուրքիայի կառավարման ներքին ու արտաքին համակարգը բավական տարբեր է: Գաղտնի չէ, որ Դինքին սպանել են պետական կառույցի պատվերով, գաղտնի ծառայությունների օգնությամբ, սակայն որեւէ կանխատեսում անելու համար դեռ վաղ է»,- հայտարարել է Հայկազուն Ալվրցյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայում սպանության միջոցով քաղաքական հարցերի լուծումն ընդունված է դեռ պետության հիմնադրման առաջին օրից:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանում, Գյուլբենկյան 38 հասցեում գտնվող «Արեւմուտքի հայերի հարցերի ուսումնասիրման կենտրոնում» 16:00-ին կցուցադրվի Հրանտ Դինքի 59-ամյակին նվիրված ֆիլմ:





























