Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հյուրընկալել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի եւ տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սեւակի անվան թանգարանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարեւոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բարձր գնահատել նրա հայապահպանությանն ուղղված ջանքերը եւ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւներից մեկով՝ Պատվո շքանշանով:
Ընդգծելով, որ Մայր Աթոռում մշակութային այդ հրաշալի կենտրոնի բացումը Հովհաննես Չիլինկիրյանի տարիներով փայփայած երազանքն էր՝ Գարեգին Բ-ն հույս է հայտնել, որ բարերարի կողմից թանգարանին նվիրաբերված բացառիկ եւ արժեքավոր հավաքածուն, որը լավագույնս է բնութագրում իր ժողովրդի ծանր ճակատագիրը կիսած եւ իր հայրերի սրբազան հավատքի համար նահատակված մեծ մտավորականին՝ Ռուբեն Սեւակին, անչափ օգտակար եւ հետաքրքիր կլինի թանգարանի բոլոր այցելուների համար:
Ազգային-հասարակական գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանը երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ նման բարձր պարգեւի իրեն արժանացնելու, իսկ Գարեգին Բ-ին՝ շուրջ 50 տարիների իր մեծ երազանքը հայրենիքում իրականացնելու գործում ընդառաջելու եւ աջակցելու համար:































