Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերջում ասվում է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Սրտանց եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Պետական եւ քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հետեւողական ջանքերով Դուք խորը հարգանքի եք արժանացել:

Հայաստանում Ձեզ գիտեն որպես հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա ամրապնդման վճռական կողմնակցի: Այդ գործընկերությունն անփոփոխ կերպով ընդլայնվում է՝ ի նպաստ մեր երկրների եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման:

Ակնկալում եմ, որ մեր միջեւ ձեւավորված վստահելի, բարեկամական հարաբերությունները հետագայում եւս կնպաստեն տնտեսական եւ ներդրումային համատեղ նախագծերի իրականացմանը, կաջակցեն գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում մեր երկրների միջեւ համագործակցության խորացմանը:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն, երջանկություն եւ բարօրություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: