Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները ժամը 17-ին ավարտվել են եւ հաշվիչ հանձնաժողովն սկսել է քվեների հաշվարկը:
Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցող 1370 փաստաբաններից ընտրությանը մասնակցել է 913 փաստաբան:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրության արդյունքները պարզ կլինեն կեսգիշերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբանների պալատում այսօր` սեպտեմբերի 14-ին, ժամը 09.00-ին, սկսվել են փաստաբանների պալատի ընտրությունները, քվեարկությունը: Առաջին ընտրողը Երկրորդ աշխարհամարտի վետերան, փաստաբան Նարիման Թեւոսի Միրզաբեկյանն է եղել, որվ քվեարկելուց հետո նշել է, որ միությունը մինչեւ հիմա կազմակերպվել, իսկական փաստաբանների միություն է դառել, հավատում է, որ սրանից հետո ավելի ուժեղ կլինի:
Փաստաբանների պալատի փաստաբան, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապենտակ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ամեն ինչ ընթանում է սահմանված կարգով: «Նախորդ տարիների փորձը հաշվի առնել չի կարելի, որովհետեւ նախորդ տարիներին այսպիսի մեծ ընտրազանգված չենք ունեցել, ակնկալում եմ, որ ավելի քան 700 հոգի կմասնակցի ընտրություններին»,- ասել է Ապետնակ Պողոսյանը:
Նշենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանն ու Աշոտ Թադեւոսյանը: Քվեարկողների թիվը 1370 է, օրվա ընթացքում պարբերաբար կհաշվառեն մասնակիցների թիվը, արդյունքները հայտնի կդառնան այսօր 00.00-ից հետո: Գրանցվել է 7 դիտորդ՝ 5 կազմակերպությունից, քվեարկությանը հետեւում են նաեւ թեկնածուների վստահված անձինք:





























