Այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը դարձել այս իշխանությունների հենարանը, զինված ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում է գրել է նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը:
Հրանտ Բագրատյանն իր էջում, մասնավորապես, գրել է.
«Ինչպես գիտեք սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում վիճակագրության մասին օրենքի նախագիծը քննարկելիս տեղի ունեցավ «երկխոսություն» ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի եւ իմ միջեւ։ Բերելով մի քանի փաստեր փորձեցի ցույց տալ, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային վիճակագրությունն ահռելի տարբերություններ է տալիս հայրենի ԱՎԾ տվյալների հետ։ Դրանք փաստում են 2008-2012թթ ՀՀ տնտեսական անկման մասին, մինչդեռ Ս. Մնացականյանի ղեկավարած ծառայությունը հակառակն է ասում։ Վերջում նշեցի, որ ի դեմս ՀՀ ԱՎԾ-ի մենք ունենք ոչ թե ինֆորմացիայի, այլ դեզինֆորմացիայի ծառայություն։ Փաստե՞ր եք ուզում, ահա խնդրեմ։
Ստեփան Մնացականյանը անմիջապես պայուսակից հանեց իր հսկայական թղթապանակները եւ հանդես եկավ պատասխանով։ «Սիրված» նախարարներից մեկը նախօրոք էր նախապատրաստվել։ Հաճախ նույնիսկ «պատասխանում էր» այնպիսի հարցերի, որոնք համենայն դեպս այդ օրը ես չէի բարձրացրել։ Համարձակ էր խոսում։ Ինձ թվում էր, թե նրա համար խնդրի էությունը կապ չունի։ Կարեւորը պատասխանում էր։
Սեպետեմբերի 13-ին, մյուս օրը, ստացա բարձրացրած հարցերի վերաբերյալ ՀՀ-ում ՀԲ-ի մշտական ներկայացուցիչ Ժ.Մ. Հափիի պատասխանը։ Ս.Մնացականյանին չէի անդրադառնա։ Բայց ՀԲ-ի ներկայացուցչի պատասխանը ստանալուց հետո, կարծում եմ, պատասխանն անհրաժեշտություն է։ Հասարակությունը պետք է իմանա այդ պատմության վերջը։
Եվ այսպես, ԱԺ-ում ես այդ օրը բարձրացրեցի 2 հիմնական հարց։ Առաջին. 2000-2012թթ Հայաստանի ԱՎԾ ցույց է տվել տնտեսության լուրջ աճ։ Բացառությամբ 2009-2010թթ, մնացած տարիների ՀՀ-ում արձանագրվել է բարձր աճ (տարեկան 10, 12, 13.7% եւ այլն) այնպես, որ ՀԲ տվյալներով 2012-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 162%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը 78% է, իսկ ՌԴ-ում՝ 108%։
Հիմա, եթե մենք այսքան արագ ենք աճում, հարցնում եմ ես, ապա ինչո՞ւ ենք հետ ընկնում ինչպես Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Ի վերջո, 1990-ին, երբ դեռեւս մի երկրի կազմի մեջ էինք, բնակչության մեկ շնչի հաշվով ազգային եկամուտը (ԱԵ) ՌԴ-ում եղել է 4351 ռուբլի, Հայաստանում 2945 ռուբլի եւ Վրաստանում 2749 ռուբլի։ Եթե մենք 1.5 անգամ արագ ենք զարգացել, քան Ռուսաստանը (1.62։1.08=1.5), ապա մեր ապրելակերպով պետք հավասարված լինեինք Ռուսաստանին ու դեռ մի բան էլ ավելին։ Վրաստանի մասին խոսք լինել չէր կարող։ Մենք շուրջ 2.5 անգամ Վրաստանից լավ պիտի լինեինք։ Բայց արի ու տես, որ իրականում 2012թ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը ՌԴ-ում 14 037 դոլար է, Վրաստանում՝ 3 508, իսկ Հայաստանում՝ 3 338 դոլար։ Ի դեպ, այս հարցը մի քանի անգամ բարձրացրել է նաեւ ակադեմիկոս Աղանբեկյանը։
ՀԲ-ն նկատի ունենալով նշված հակասությունը, ասել եմ ես, 2012-ից հետ վերահաշվարկ է կատարել՝ մինչեւ 1990թ եւ հայտարարել, որ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 637 դոլար, Վրաստանինը՝ 1611 եւ Ռուսատանիը՝ 3485։ Պարզվում է, որ 1990-ին մենք ՌԴ-ից հետ էինք 5.5, Վրաստանից՝ 2.5 անգամ։ Անհավանական է։
Հիմա Ս.Մնացականյանի պատասխանը։ Ինչո՞ւ եք համեմատում։ Միթե չգիտեք, որ 1990-ին ՀՆԱ չի եղել։ Այն հաշվել են միայն 1993-ին եւ այն էլ միջազգային կառույցները: Այստեղ տնտեսությունը մի քաղաքականացրեք, դեմագոգիայով մի զբաղվեք, թողեք մեր գործն անենք։ Բա սա պատասխա՞ն է։ Իրականում ես լրջագույն հարցադրում եմ արել։ Այո 1990-ին ՀՆԱ չկար։ Ի դեպ ես դա նշել եմ։ Բայց ԱԵ-ն ու ՀՆԱ-ն միեւնույն կարգի ցուցանիշներ են։ Նախ, դրանց միջեւ եղած տարբերությունը մի քանի տոկոս է եւ, երկրորդ, ի՞նչ տարբերություն, որ 1990-ին հաշվել ենք ԱԵ-ով, չէ՞ որ համեմատելի պետությունները եւս (Վրաստանը եւ Ռուսաստանը) հաշվված են ԱԵ-ով։ Եղբայր, այդ 2 ցուցանիշները մեծ տարբերություն են տալիս, բեր ապացուցի եւ հետո խոսիր։ Ի դեպ, երբ այս դիտողությունները բարձրացրել էի 5 ամիս առաջ եւ ուղարկել համապատասխան գերատեսչություններ, ՀՀ Նախագահին եւ ՀԲ, ապա կառավարությունից ստացա մի գրություն, Դ.Սարգսյանի, Ս.Մնացականյանի, Վ.Գաբրիելյանի եւ Ս.Կարապետյանի մասնակցությամբ, որտեղ նույն բացատրությունն էր, ինչ-որ ԱՎԾ պետը տվեց ԱԺ-ում։
Իսկ հիմա նայենք այս նույն հարցի վերաբերյալ ՀԲ պատասխանը։ Այստեղ 5 պատճառ են նշում նման վիճակագրական աղճատումների համար։ Ասվում է, որ ԱԵ-ի ցուցանիշից ՀՆԱ-ին անցնելը արվել է «Գոսկոմստատի եւ ազգային վիճակագրական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում» եւ, ամենակարեւորը, այո այդ անցման ընթացքում ՀՀ «1990-ի ՀՆԱ ցուցանիշը կարող է թերագնահատված լինել»։ Հիմա սրանից հետո ո՞վ է դեմագոգիայով զբաղվում։ Իհարկե ԱՎԾ պետը։ Ես վիճակագիր չեմ (տնտեսագիտությունը շուրջ 400 մասնագիտություն ունի), բայց ակնհայտ է, որ այդ օրը ԱԺ-ում ես տնտեսությամբ էի զբաղված, իսկ ԱՎԾ պետք դեմագոգիայով ու պոլիտիկանությամբ։
Իմ կողմից բարձրացված մյուս հարցը հետեւյալն էր. այս կառավարության գործունեության 5 տարիներին ՀՀ-ում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2008թ 3917 դոլարից 2012թ հասել է 3338 դոլարի (ՀԲ տվյալներով)։ Ու՞ր է ձեր աճը։ Ի՞նչ իրավունք ունի նման 17.3% անկում ցույց տված կառավարությունը շարունակել պաշտոնավարել։ Այստեղ էլ ԱՎԾ պետ Ս.Մնացականյանը իրական փաստարկված բացատրություններ տալու փոխարեն խորհուրդ տվեց քաղաքականությունը տարբերել տնտեսությունից։ Ատամների արանքից իմիջիայլոց թռցրեց դրամ-դոլար փմոխարժեքի խնդիրը։ Պարոն վիճակագիրն իրականում ինքն է պոլիտիկայով զբաղվում։ Բան ունես, ասա։ Կո՞ւրսն է պատճառը։ Ուրեմն հստակ ասա։ Հիմա նայենք կուրսին։ 2008-ի դեկտեմբերի 31՝ 306.7 եւ 2012-ի դեկտեմբերի 31՝ 403.6։ Փոփոխությունը 31.3% է։ Այսպիսով, առաջին հայացքից թվում է, թե առնվազն 14% բնակչության 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է։ Բայց, այդ տարիներին միգրանտների գումարային թիվը եղել է 324 հազ մարդ (առկա բնակչության թվի 13%-ը) եւ դոլարային գնաճը ԱՄՆ-ում կազմել է 6.7%, իսկ Հայաստանում (մեր հաշվարկներով)՝ 12% (դրամական գնաճը՝ 23.5%)։ Այսինքն, 17.3 + 6.7 + 13 = 37։ Իսկ ապա 37-31.3= 5.7%։ Այսինքն, միեւնույնն է անկում է։
ԱՎԾ պետը մի քանի հարցեր էլ բարձրացրեց, որոնք ես ԱԺ-ում այդ օրը չէի բարձրացրել, բայց տեղյակ էի պահել ՀՀ նախագահին։ Դա, մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի վիճակագրությունն է։ Օրինակ, ես անհնարին եմ համարում 646 հազ տոննա կարտոֆիլի արտադրությունը։ Մեկ շնչին՝ 225 կգ։
Դա անհնարին է ուտել։ ԱՎԾ պետը, սակայն, ասում է. մի շփոթիր արտադրությունն ու սպառումը (սպառումը 1 շնչին 43 կգ է)։ Ի՞նչ ես ուզում ասել։ 646 հազ տոննայից 149 հազ. ուտում ենք եւ 497 հազ տոննան արտահանո՞ւմ։ Ասա էլի հասկանանք։ Բա ու՞ր է արտահանման մեջ այդ 497 հազ տոննան։ Թե գյուղացիները կարտոֆիլն արտադրում են ու ջուրը գցում։ Կամ երբ ասում եմ 813 հազ տոննա բանջարեղեն արտադրելն անհնարին ու անիմաստ (այդքան ուտող բերան չունենք), ինչո՞ւ ես պատասխանում, թե իբր արի ճիշտ համեմատենք, համայնավարների ժամանակ էլ են մեծ թվեր եղել։ Սա ի՞նչ բացատրություն է։ Դու քո տեղը խոսիր։ 813 հազ տոննա նշանակում է, որ օրը միջին հաշվով յուրաքանչյուրս 1 կգ բանջար է ուտում (մոտ այդքան էլ կարտոֆիլ)։
Հա մեկ էլ ԱՎԾ պետը հաթաթա էր տալիս. բա չեք ասի Բագրատյան 2012-ի հաշվով ասել է իրական եկամուտների 0.1% աճ։ Իրականում այն ավելին է։ Այո ասել եմ։ Ու ես ճիշտ եմ։ 2013-ի ապրիլի 12-ի ժամը 16:15 դրությամբ ԱՎԾ կայքում գրված էր՝ աշխատավարձի աճ 3.2%, գնաճ՝ 3.1%։ Ե՞ս եմ մեղավոր, որ րոպեն մեկ թիվը փոխում եք ու հինն էլ չեք պահպանում։
Այսպիսով, ՀՀ ԱՎԾ պետը ամբոխավար, իր մասնագիտական խիղճը կորցրած մեկն է։ Այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ ԱՎԾ-ն դարձել այս իշխանությունների հենարանը, զինված ուժերը։ Բանակի հացն էլ եք կտրել։ Եթե այդպես է, դրան մի հատ գեներալ-գնդապետի կոչում տվեք հանգստանա»:





























