Թուրքիայի կոշիկ արտադրողների ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Բուուրը հայտարարել է, որ Սիրիայից գողացված սարքավորումները Թուրքիա են ուղարկվում, որտեղ դրանք հավաքում եւ օգտագործում են:
«Դամասկոս» միջազգային պետական ռադիոկայանը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հաղորդում է, որ Թուրքիայի գործարարները հայտնել են, թե երկրի հարավ-արեւելքում ահաբեկչական խմբավորումների անդամները Սիրիայից ապօրինի ներմուծված արդյունաբերական սարքավորումներ են վաճառում: Իրենց հայտարարության մեջ նրանք հաստատել են, որ սիրիական 15 ձեռնարկությունից ապամոնտաժված արդյունաբերական սարքավորումներն ապօրինի ճանապարհով ներմուծվել են Թուրքիա: Սարքավորումների մի մասը վաճառվել է Ստամբուլում եւ Թուրքիայի արեւմտյան այլ քաղաքներում:
Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը երկու նամակ էր ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ին եւ գլխավոր քարտուղարին, որոնցում հայտնում էր, որ Հալեպ քաղաքի շուրջ հազարավոր գործարաններ թալանվել են, իսկ դրանց սարքավորումները տեղափոխվել են Թուրքիա` վերջինիս կառավարության գիտությամբ: «Դա ծովահենությանը հավասարազոր անօրինական գործողություն է եւ ագրեսիա Սիրիայի ժողովրդի նկատմամբ», - ընդգծել են Սիրիայի ԱԳՆ-ում:





























