Եվրամիության «Արեւելյան գործընկերության» հետ կապված իրավիճակը կարելի է համարել ԱՄՆ պարտություն եվրասիական տարածքում եւ Մեծ Մերձավոր Արեւելքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշխարհաքաղաքական անալիզի եվրոպական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին՝ անդրադառնալով «Արեւելյան գործընկերության» նախագծին աջակցելու ԱՄՆ հնարավորությանը՝ հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությունը:

Փորձագետի խոսքով, ԱՄՆ-ը, իհարկե, շահագրգռված է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրով: «Ներկայիս վիճակը ռուսաստանյան ինտեգրացիոն նախագծերի հաղթանակն է եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հերթական դիվանագիտական պարտությունը»,- ընդգծել է Մատեուշ Պիսկորսկին:

Նշենք, որ Լեհաստանի փոխարտգործնախարար Կատաժինա Պելչինսկա-Նալենչը Վաշինգտոնում կայացած մի շարք խորհրդակցություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է առավել ակտիվ մասնակցի Արեւելյան Եվրոպայի քաղաքականության զարգացմանը, հատկապես` սատարի «Արեւելյան գործընկերության» քաղաքականությանը:

«Եթե գործընկերությունը հաջող ավարտվի, ապա դա կլինի ոչ միայն Լեհաստանի եւ Եվրոպայի, այլեւ ԱՄՆ-ի հաջողությունը, քանի որ ԱՄՆ-ն երկար տարիներ նույնպես ներդրումներ է կատարել այդ տարածաշրջանում»,- հավելել է նա: