Թեեւ փորձ է արվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ներկայացնել որպես ընդամենը բիզնես, բայց իրականում դա այդպես չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուսաստանին 18 հատ ինքնագնաց հրետանային 2С31 «Վեսնա» սարքավորումներ ձեռք բերելու պատվերին:
Նրա համոզմամբ՝ Մոսկվայում քաղաքական որոշում է կայացվել Ադրբեջանին ապահովել ռուսական զենքով: «Ռուսաստանը բոլոր միջոցներով փորձում է ուժեղացնել իր ազդեցության լծակները Ադրբեջանի նկատմամբ: Բնական է, Ռուսաստանում որեւէ կերպ հաշվի չեն նստում Հայաստանի հետ: Զենքի մատակարարումներն Ադրբեջանին մեծ հարված են հենց Հայաստանին»,-ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ բոլոր կողմերից Ռուսաստանն իրեն ձեռնտու քաղաքականություն է վարում:
Նշենք, որ Ադրբեջանի պատվերով ռուսական «Կուրգանմաշզավոդ»-ը սկսել է ինքնագնաց հրետանային 2С31 «Վեսնա» սարքավորումներ արտադրել, որը սերիական արտադրություն չուներ:




























