Եգիպտոսում ձերբակալել են «Մահմեդական եղբայրներ» շարժման մամուլի քարտուղար Գահադ ալ-Հադդադին: Նա երկու բարձրաստիճան իսլամիստների հետ ձերբակալվել է Կահիրեի կոնսպիրատիվ շտաբում:  Twitter-ում նրա վերջին գրառումները թվագրված են սեպտեմբերի 13-ին, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

BFM.Ru-ն, վկայակոչելով Agence France-Presse-ը, հաղորդում է, որ Եգիպտոսում արգելափակվել են «Մահմեդական-եղբայրների» ղեկավարության գումարները: Համապատասխան որոշումը կայացրել է Կահիրեի դատարանը: Այսպիսով, դատական ատյանը բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը, որը դեռեւս հուլիսին խնդրում էր սառեցնել շարժման 14 ղեկավարների հաշիվները:

Հիշեցնենք, որ Մուրսիին զրկել են իշխանությունից հուլիսի 3-ին՝ նրա կառավարումից ժողովրդի դժգոհ լինելու պատճառով: Նրա պաշտոնանկությունից հետո կալանավորվել են «Մահմեդական-եղբայրների» առաջնորդները եւս: Ներկայումս Եգիպտոսում իշխանությունն անցումային կառավարությանն է պատկանում: Մուրսիի կողմնակիցների եւ ոստիկանության բախումներից հետո երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, որը գործում է մինչ օրս: