«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կոչին բավական թվով մարդիկ կարձագանքեն, սակայն ոչ բոլորը հանրահավաքին իրենց ներկայությունը կկապեն Հայաստանի Մաքսային Միության հնարավոր անդամակցության հանդեպ դժգոհության հետ: Նրանք կգան արտահայտելու իրենց ընդհանուր դժգոհությունը երկրում տիրող իրավիճակից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Միաժամանակ նա նշել է, որ չի հավատում, թե սեպտեմբերի 20-ին ազատության հրապարակում ընդդիմդիրենրի կրիտիկական զանգված կհավաքվի: Մինասյանի խոսքով, Հայաստանի բնակչության շրջանում վերաբերմունքը Մաքսային Միությանն անդամակցելու կամ Ասոցացման համաձայնագրի կնքման նկատմամբ տարբեր է: Երկրի ոչ քաղաքականացված բնակչության մեծամասնությունը, մասնավորապես մարդիկ, ովքեր Ռուսաստանի հետ բազմաթիվ կապեր ունեն, նվազագույնը չեզոք են, եթե ոչ դրական հակվածություն ունեն Մաքսային միության անդամակցության վերաբերյալ: Մինասյանը կարծիք է հայտնել նաեւ, որ հասարակության այն հատվածը, հատկապես երիտասարդները, ովքեր կապ ունեն միջազգային արեւմտյան կազմակերպությունների հետ, դեմ են Մաքսային միության անդամակցությանը: Սակայն բնակչության արեւմտամետ հատվածն ավելի սակավաթիվ է, քան Մաքսային Միության կողմնակիցները: «Ավելին, առաջին խմբի մեծ թվով մարդիկ անգամ չեն միանա Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ հասկանում են քաղաքական իրողությունները, այն, որ դրանք փոխել կարելի է, սակայն ոչ փողոցային ակցիաների միջոցով»,- նշել է փորձագետը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժերից միակն էր, որը բացահայտ դեմ հանդես եկավ Մաքսային Միությանն անդամակցելուն: Ուրբաթ օրը Ազատության հրապարակում այն անցկացնելու է հանրահավաք:





























