Երեւանի Կոզեռն թաղամասում գտնվող եւ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հիմնադրամին նվիրվելիք հողամասը չի առնչվում թաղամասի բնակիչների շահերին: Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Տվյալ հողամասը փաստացի գտնվում է Պարոնյան փողոցին հարակից տարածքում՝ Կոնդ թաղամասի եկեղեցու հարեւանությամբ Հ. Կոզեռնի փողոց 11 հասցեում  եւ հանդիսանում է համայնքային սեփականություն: Այնտեղ որեւէ շենք կամ շինություն չկա եւ, ընդհանրապես, որեւէ կերպ չի առնչվում Կոզեռն թաղամասի բնակիչների շահերին: Ուստի թաղամասի բնակիչները կարող են հանգիստ լինել, քանի որ կառավարությանը ներկայացվող որոշման նախագիծը իրենց շահերը չի ոտնահարում»,- նշել է քաղաքապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կառավարությունը Երեւանի Կոզեռն թաղամասում 298 քառ. մետր տարածք կնվիրի «Երեւան իմ սեր» հիմնադրամին՝ ցածրահարկ շենք կառուցելու նպատակով:

Հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում: Հողամասի 1 քառ. մետրի կադաստրային արժեքը գնահատված է 25,3 հազ. դրամ: Կառուցվելիք շենքը  հանդիսանալու է «Հանրային կենտրոն» եւ անվճար հատկացվելու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավորների եւ համայնքի հոգեւոր կարիքների  համար։

Նշենք, որ «Երեւան իմ սեր» հիմնադրամը հիմնադրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Այս հիմնադրամի հրավերով այս տարվա մայիսին Հայաստան այցելեց Ուելսի արքայազն Չարլզը: