Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչը բողոքարկել է Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ ակնկալում է, որ իր բողոքը կբավարարվի, իսկ եթե չբավարարվի, կդիմի դատարան: «Մենք հասնելու ենք նրան, որ օրինական որոշումներ կայացվեն այս գործով, դրանում ես չեմ կասկածում: Հարցը այն է, թե երբ դրանք կհասնենք: Հույս ունեմ, որ դատախազությունը ինքը կփորձի ուղղել այն սխալները, որոնք թույլ է տվել քննիչը, չէի ուզի ինքը ընկնի այդ ապօրինությունների բեռի տակ: Եթե դատախազությունը մեր հույսերը չարդարացրեց, կգնանք առաջ, բայց բոլոր դեպքերում կհասնենք նրան, որ այս հարցով կգերակայի օրենքը»,- նշեց փաստաբանը:
Նրա բողոքը մոտ 10-11 էջ է, դրանում նա ցույց է տվել, որ քննիչի փաստարկները անտրամաբանական են, անարժանահավատ, նշել է, որ տեսանյութում եղածը չի համապատասխանում քննիչի հետեւություններին եւ Խաչատրյանների կողմի ցուցմունքներին: Փաստաբանը նաեւ նշել է, որ այս գործով չի կարելի հետեւություններ անել միայն մի կողմի փաստարկները լսելով, եթե հետեւություններ են անում, ապա լսելով եւ վերլուծելով երկու կողմերին՝ հակառակ դեպքում կարելի է կամայական որոշումներ կայացնել: «Չէ՞ որ Արտակ Բուդաղյանըմասնակից է այդ դեպքին եւ ցուցմունքներ է տվել բավականին ծավալուն, ո՞նց կարելի է այդ որոշման մեջ գոնե չհիշատակել այդ ցուցմունքների մասին»,- նշեց նա:
Օրենքը դատախազին նման բողոքներով որոշում կայացնելու համար ընդհուպ մինչեւ մեկ ամիս ժամանակ է տալիս, թեեւ Հայկ Ալումյանը, ելնելով իր փորձից, ակնկալում է ավելի շուտ պատասխան ստանալ:
Նշենք, որ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Նման հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունը: «Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունել է Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Սեպտեմբերի 7-ին Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանք ազատ են արձակվել:
Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:





























