Երեւանում անկախության երթի անցկացումը պայմանավորված է Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ, որն անսպասելի էր բոլորի համար: Այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքացիական ակտիվիստ Կարեն Թովմասյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին անկախության երթ անցկացնելու ֆեյսբուքյան նախաձեռնությանը:

Նար խոսքով՝ «Facebook»-ում հայտնվել է «Անկախության համազգային երթի» նախաձեռնություն, որի նպատակն է դուրս գալ փողոց եւ եւս մեկ անգամ հաստատել անկախ երկրում ապրելու որոշումը, որը կայացվել է 22 տարի առաջ: «Հայտարարում ենք, որ սեպտեմբերի 21-ին 16:00-ին Ազատության հրապարակից երթ կսկսվի: Այսօր Սերժ Սարգսյանն ու իշխանությունները մի բան են ասում, վաղը՝ մեկ այլ: Չընտրված նախագահը անհրաժեշտ չի համարում ժողովրդին տեղեկացնել իր գործողությունների եւ քայլերի մասին, որպեսզի ժողովուրդն իմանա, թե վաղն իր հետ ինչ տեղի կունենա»,-ասել է Կարեն Թովմասյանը՝ կարծիք հայտնելով, որ «ժողովուրդը երազում է, որպեսզի ներկայիս նախագահը հրաժարական տա»:

Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը՝ Մարինե Պետրոսյանն, ընդգծել է, որ իրենց են միանալու գաղափարական առումով ամենաանհաշտ մարդիկ: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նա կարծիք է հայտնել, որ եթե նախագահը ճնշման ենթարկվելով արագ մտքափոխվել է, ապա նա ինքնուրույն չէ: «Հայաստանը վատ իրավիճակում է, սպեկուլյացիայի է ենթարկվել Ղարաբաղի հարցը եւ ճնշման պայմաններում այդ հարցն ավելի է սրվում»,-ընդգծել է նա:

Ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ երթի գլխավոր նպատակն է դեմ հանդես գալ Մաքսային միությանն անդամակցելուն: «Անկախությունը որպես արժեք եւ ինքնիշխանությունը որպես այդ արժեքի գլխավոր իմաստ, միավորում են բոլորին»,-հայտարարել է նա, կոչ անելով միանալ երթին: Իսկ ակտիվիստ Կարեն Հարությունյանի խոսքով՝ հայ ժողովրդի կամքը, որը դրսեւորվել է 22 տարի առաջ, այդպես էլ մնացել է թղթի վրա: «Անվտանգությունն ու ժողովրդի սոցիալական վիճակը մեծ մեծամասամբ կախված են անկախությունից: Միայն մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, կարող ենք որոշել ինչպես եւ ում հետ ենք ցանկանում ապրել»,-ընդգծել է նա, հավելելով, որ երթի նպատակն է անկախության գաղափարի վերաիմաստավորումը: