Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով խստացվում է «հեռախոսային ահաբեկչության» համար նախատեսվող պատիժը:

Ըստ ընդունված ուղղումների՝ նման քայլի գնացողները կազատազրկվեն 5 տարով: Այն դեպքում եթե կեղծ հեռախոսազանգի արդյունքում լուրջ հետեւանքներ գրանցվեն, ժամկետը կարող է հասնել 7 տարվա, հաղորդում է Civil.ge պորտալը:

Այդ օրինագծով փոփոխություններ են մտցվում նաեւ վարչական օրենսգրքում, մասնավորապես «112» ծառայությանը «կեղծ եւ աննպատակային» տեղեկություններ հաղորդելու համար քաղաքացիները կարող են տուգանվել 300-1000 լարիով: Հաղորդագրությունում նշվում է, որ այդ պատժամիջոցը չի վերաբերում «հեռախոսային ահաբեկիչներին», քանի որ նրանց գործողությունները որակվում են ՔՕ-ով:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, ստացել է նմանատիպ 15 հեռախոսազանգ: Անանուն զանգերի բոլոր հեղինակները պարզվել են, նրանց մեծ մասը անչափահասներ են եղել: