Մոսկվայի մարզի Ժուկովկա գյուղում ձերբակալվել է քրեական շրջանակներում հայտնի «օրենքով գող» Վագիֆ Բակինսկին, որի իսկական անունը Վագիֆ Սուլեյմանով է:

Նրան ձերբակալել են օգնականի հետ միասին՝ «Պոդմոսկովնիե վեչերա» ռեստորանում: Նրա օգնականի մոտ ոստիկանները «Նագան» տեսակի ատրճանակ են գտել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

48-ամյա Բակինսկիին կասկածում են մի գործարարից 18 մլն ռուբլի շորթելու մեջ: Այդ գումարն ստանալու ժամանակ էլ հենց նրան ձերբակալել են:

Բակինսկիի եւ նրա օգնականի նկատմամբ հարուցվել է քրեական գործ զենքի ապօրինի շրջանառության եւ առանձնապես խոշոր չափերով շորթման հոդվածաներով: Նշենք, որ նա վերջին անգամ բանտից ազատ էր արձակվել այս տարվա հուլիսին: