Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Ռուբինյանց 4ա հասցեի բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ ու հարմարավետ բակի հանդիսավոր բացման արարողությանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի զարգացման 2013 թվականի ծրագրերի շրջանակում միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուրջ երկու տասնյակից ավելի բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը: Տարոն Մարգարյանը շրջել եւ բնակիչների հետ միասին գնահատել է կատարված աշխատանքը: Ծրագրի շրջանակում բակը կահավորվել է նստարաններով, զրուցարաններով ու խաղային ատրակցիոններով: Բակային տարածքն ապահովվել է նաեւ գիշերային լուսավորությամբ: 

Բնակիչների հավաստմամբ՝ բակն անխնամ է եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ բակերի ու Երեւանը բնակիչների համար առավել հարմարավետ դարձնելու նախաձեռնությունների համար:  Նրանք նաեւ նշել են, որ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ նոր ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար: 

Աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ: Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական խոշոր այս ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց եւ Ռուբինյանց-Սեւակ փողոցների երթեւեկությունը: 

Շինարարները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի: Ծրագրի շրջանակում վերակառուցվել եւ լայնացվել է նաեւ երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը, որն այժմ ունի 66 մ երկարություն, 7.5 մ լայնությամբ երթեւեկելի մաս եւ 1 մ լայնությամբ երկկողմանի  մայթեր: Տեղում նախագծի վրա Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաեւ, թե ճանապարհի ողջ երկայնքով այդ պահին որ հատվածում ինչ աշխատանքներ են ընթանում:  Ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ, ամբողջությամբ փոխվել են նաեւ հեղեղատար եւ կենցաղային կոյուղագծերը: Այժմ ընթացքի մեջ են արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները: Ճանապարհի ողջ երկայնքով  կտեղադրվի 86 հենասյուն 172 լուսատուով. «Երկու փուլի էր բաժանված ծրագիրը: Առաջին փուլը մոտ 1.9 կմ էր, որի  80 տոկոսն արդեն ավարտին ենք հասցրել,  եւ երկրորդ փուլը 600մ է, որը եւս արդեն ավարտին է մոտենում: Մնացել է ավտոճանապարհի վերջին հատվածը, որն առաջիկա մեկ ամսվա ընթացքում եւս կավարտենք եւ կհանձնենք շահագործման: Այս ճանապարհի կառուցումով մենք հիմնականում չորս խնդիր ենք լուծում: Առաջին հերթին մայրաքաղաքի երթեւեկի բեռնաթափման հետ կապված, քանի որ այս ճանապարհն, ըստ էության, զգալիորեն կթեթեւացնի Ռուբինյանց փողոցի ծանրաբեռնված տրանսպորտային հոսքերը: Երկրորդը՝ այս հատվածում ապրում են շուրջ 10 հազար բնակիչներ, որոնց համար իրենց բնակարաններ հասնելը  60-70 տարի միշտ եղել է անհարմարավետ, եւ այսօր մենք նաեւ այդ հարմարավետությունն ենք ապահովում: Բացի այդ, բնակելի այս տարածքներում ընդհանրապես չի եղել կոյուղագիծ եւ այս ծրագրով մենք նաեւ, ինչպես կոյուղու, այնպես էլ խմելու ջրի եւ արտաքին լուսավորության խնդիրներն ենք լուծել»,- ընդգծել է քաղաքապետը:   

Հետեւելով իրականացվող աշխատանքների ընթացքին` քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետեւելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը. «Ավտոճանապարհի կառուցման աշխատանքների որակը գնահատում եմ բավարար: Աշխատանքների որակի պահպանման խնդիրը  մշտապես գտնվում է, ինչպես մասնագետների, այնպես էլ իմ եւ քաղաքապետի առաջին տեղակալի հսկողության ներքո»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարապետ Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհի լայնությունը կկազմի 9 մ, երկու կողմերում կկառուցվեն նաեւ 1.5 մ լայնությամբ մայթեր: