Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալ, մասնագիտությամբ սալիկագործ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը, եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Այս մասին հաղորդում է Aravaot.am-ը: Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը՝ Սամվել Հարությունյանն ու նրա ընկերը՝ Խաչիկ Պողոսյանն ուղղակի դիտավորություն չեն ունեցել սպանել Պարույր Հայրիկյանին, ուղղակի դիտավորությունը վախեցնելն էր, Սեդրակյանից իրենց կատարած աշխատանքների համար չտրված գումարը ստանալու համար: Ըստ պաշտպանի, այն, որ նրանք հետեւել են Պարույր Հայրիկյանին, չի նշանակել, թե նրան սպանելու նպատակով են հետեւել, այլ վախեցնելու: Պաշտպանն անգամ հարցրեց. «Միգուցե Հայրիկյանի կյանքը փրկելո՞ւ համար են հետեւել»: Գայանե Գալոյանը Պողոսյանի՝ Հայրիկյանին դեպքի վայրում լռեցնելու հորդորն էլ՝ «սուս մնա», ընկալել էր այսպես. «դրանով նա Հայրիկյանին զգուշացրել է»: Ըստ պաշտպանական կողմի, տուժող Պարույր Հայրիկյանի ընկալումը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:





























