Երեւանի Մաշտոցի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման նախորոշման բաժանմունքի պետ 48-ամյա Արտաշես Արշակյանն իր ենթակայի հետ 1000 դոլարի դիմաց զինվորական գրքույկ հատկացնելու գործընթաց է նախաձեռնել: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 48-ամյա Արտաշես Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման նախորոշման բաժանմունքի պետ, նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ 50-ամյա Գայանե Հ.-ի հետ ու նրա միջոցով խարդախության դիմել:
Մասնավորապես, այդ զինկոմիսարիատում արդեն իսկ հաշվառված Հայկ Կիրակոսյանից, վերջինիս հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք եւ հետագայում զինվորական գրքույկ հատկացնելու գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու պատրվակով պահանջել եւ ստացել են 416020 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1, 1.1 եւ 5-րդ կետերով (խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ կաշառք ստանալու պատրվակով): Սույն հոդվածը պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ: 10 հատ 100 դոլար անվանական արժեքով ԱՄՆ թղթադրամները, անձեռոցիկը, թղթադրամների եւ անձեռոցիկի վրայից բամբակե խծուծով վերցված նմուշները, քիմիական մատիտի եւ փոշու նմուշը քերվածքի ձեւով, 3 ձայնասկավառակը` կնքված մեկ ծրարում:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել սեպտեմբերի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























