Հայ ժողովուրդը բավական մեծ գին է վճարել երկրի անկախության համար, եւ, կարծում եմ, ոչ մի ազգի էլ անկախությունը հեշտ չի տրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի անկախության 22 տարիների ձեռքբերումը Ղարաբաղի ազատագրումն էր: Բացի այդ, «թեւ ձեւական, ոչ բովանդակային, բայց այս տարիներին ձեւավորվել են քաղաքական ինստիտուտներ, որոնց մենք պարտավոր ենք Սահմանադրությամբ ամրագրված շունչը հաղորդել: Միաժամանակ չի կարելի խաղալ երկրի անկախության հետ, ինչպես փորձում են անել վերջին ժամանակներս, այդ թվում Հայաստանը ներառելով տարբեր միությունների մեջ»,-ընդգծեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 22-րդ տարեդարձը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am