Պաշտոնական այցելությամբ Հռոմում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պյեռֆերդինանդո Կազինիի հետ եւ քննարկվել տարբեր բնագավառներում հայ-իտալական փոխգործակցությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մտքեր են փոխանակել միջխորհրդարանական, ապակենտրոնացված, առեւտրատնտեսական համագործակցության շուրջ, կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում։
Զրուցակիցները անդրադարձել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։
Սենատոր Կազինիի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացո Մարինոյի հետ։
Զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող երկու մայրաքաղաքների` Երեւանի եւ Հռոմի միջեւ համագործակցության հաստատման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։
Երկուստեք կարեւորվել է Հռոմում եւ Երեւանում համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը, ինչը զրուցակիցների համոզմամբ լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Հանդիպմանը քննարկվել է մշակույթի, տուրիզմի եւ առողջապահության ոլորտներում Երեւանի եւ Հռոմի միջեւ հնարավոր համագործակցության առնչվող հարցեր։
Հռոմում նախարար Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։ Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Իտալայի խորհրդարանում 100-ից ավելի անդամ ունեցող Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբը կարեւոր ներդրում կարող է ունենալ հայ-իտալական համագործակցության զարգացման գործում։
Էդվարդ Նալբանդյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերի։





























