Անկախությունը մեզ տվել են, մենք այն ձեռք չենք բերել. Խորհրդային կայսրությունը տապալվեց եւ մեզ պարզապես «դուրս շպրտեցին գնացքից»: Այս մասին սեպտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ անկախությունը նման է կուսության. Կամ կարելի է լավ գնով վաճառել այն, կամ փոխարինել ինչ-որ թանկարժեք բանով: «Մենք պետք է փորձենք ճիշտ օգտագործել մեր անկախությունը՝ կամ պետք է մտնենք Մաքսային միություն, կամ Եվրոպական միություն: Ամենաճիշտը կլինի պատպանել ՄՄ հետ կապերը, քանի որ Եվրոպայում մեր արտադրանքը չեն գնի, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է տեխնոլոգիական առումով հետամնաց երկիր դառնանք»,-ընդգծել է սոցիոլոգը, հավելելով, որ Հայաստանը պետք է արտադրի ոչ միայն ներքին սպառողների համար, այլեւ դուրս գա արտաքին շուկա:
Ինչպես ընդգծել է Ահարոն Ադիբեկյանը, մնալով Մաքսային միությունում, Հայաստանը կպահպանի այն, ինչ ունի, սակայն տեխնոլոգիական ոլորտում հետ կընկնի: «Եվրոպա մտնելով՝ մենք կզարգանանք տեխնոլոգիական առումով, սակայն ստիպված կլինենք կիսել եվրոպական արժեքները, այդ թվում՝ գենդերային հավասարությունը»,-կարծիք է հայտնել սոցիոլոգը:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:





























