Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հոր՝ ինքնասպանության փորձ կատարած 65-ամյա Արտուշ Մարգարյանը դուրս է գրվել «Մալաթիա» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Մալաթիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:
Բայց նա, ինչպես ծրագրված էր նախապես, չի տեղափոխվել ռեաբիլիտացիոն կենտրոն: «Մի քիչ խոչընդոտներ առաջացան, մասնագետների կարծիքով՝ դեռ պատրաստ չէ ռեաբիլիտացիոն բուժման»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:
Արտուշ Մարգարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրան այնտեղ առանձին հիվանդասենյակ է հատկացվել, գտնվում է նյարդաբանների հսկողության տակ: Որոշ ժամանակ հիվանդանոցում բուժում անցնելուց հետո Արտուշ Մարգարյանը կտեղափոխվի Վերականգնողական կենտրոն: Բժիշկը նշեց, որ նրա վիճակը լավ է, ոտքի ֆունկցիան կամաց-կամաց վերականգնվում է, հույս ունեն, որ շուտով կքայլի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, ինքնասպանության փորձ է կատարել, նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն եւ վիրահատել:
Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան իսկույն ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:





























