NEWS.am-ին հայտնի է դարձել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչն այս հանձնաժողովում կլինի Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Վահան Բաբայանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ ՀԱԿ-ը թեկնածու չի ներկայացրել:
Ըստ կանոնադրության՝ այս անգամ Էթիկայի հանձնաժողովը պետք է գլխավորեր ՀԱԿ ներկայացուցիչը, բայց քանի որ ՀԱԿ-ը թեկնածու չի ներկայացրել, ուստի հանձնաժողովի նախագահ չի լինի, իսկ Դավիթ Հարությունյանը կլինի փոխնախագահ: Բանն այն է, որ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենաշատ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցություններին, այս դեպքում` «Հայ ազգային կոնգրես» եւ Հանրապետական խմբակցություններին:
Ի դեպ, ՀՀԿ-ն էլ երկրորդ թեկնածուն չի ներկայացրել, որպեսզի հանձնաժողովում պահպանվի համամասնությունը:
Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարել էր իր անդամին Էթիկայի հանձնաժողովից հետ կանչելու մասին՝ պատճառաբանելով, որ վերջին փոփոխությունների արդյունքում քաղաքացիական վերահսկողության կորուստ տեղի ունեցավ, հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, քանի որ իշխանությանը լայն հնարավորություններ են տրված:
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ նստաշրջաններին Էթիկայի հանձնաժողովն ուներ հետեւյալ կազմը՝ նախագահն էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, փոխնախագահը՝ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, իսկ անդամներն էին ԲՀԿ-ից Վահան Բաբայանը, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ-ից Կորյուն Նահապետյանը եւ «Ժառանգությունից»՝ Թեւան Պողոսյանը:





























