Հայաստանի Անկախության տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կրթական եւ մշակութային օջախներում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

Անկախության տոնն առանձնակի խորհուրդ ունի Երեւանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցում: ՀՀ ազգային հերոսի անունը կրող դպրոցում հյուրընկալվել են նաեւ հարեւան դպրոցների աշակերտները, ովքեր հնարավորություն են ունեցել հանդիպելու, զրուցելու, նաեւ իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու Մովսես Գորգիսյանի կնոջը՝ Ռուզաննա Գորգիսյանին: Աշակերտները ծանոթացել են ազգային գործչի կյանքի եւ անցած ուղու առավել ուշագրավ դրվագներին:

Աշակերտները հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսի հիշատակին եւ ծաղիկներ դրել դպրոցի բակում տեղադրված նրա  հուշարձանին:

Առաջին դասարանցիները, որոնց շարքում նաեւ  ազգային հերոսի թոռնիկ Մովսեսն էր, մասնակցել են  նաեւ ավանդական դարձած երդման արարողությանն ու ծաղիկներ դրել այն շենքի հուշաքարի մոտ, որտեղ ապրել է Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկ Մովսես Գորգիսյանը: