Առայժմ անկախության արդյունքում մենք ավելի շատ կորուստներ, քան թե ձեռքբերումներ ենք ունեցել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ անկախության պատճառով մենք 2.3 մլն բնակիչ կորցրեցինք, եւ Հայաստանն այժմ պետք է մոտ 5 մլն բնակիչ ունենար:

Սոցիոլոգիական հարցումներին անդրադառնալով՝  Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ  90-ականների երկրորդ կեսին բնակչության 60%-ը դեմ էր երկրի անկախացմանը:

«Այժմ մենք Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատ ամենալավ սպառազինությամբ, օրինակելի եւ կարեւորը՝ պայքարում հաղթանակած բանակն ունենք: Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էավելի քան 80 երկրների հետ,  31 երկրներում դեսպանատներ ունենք եւ կարող ենք դրանց օգնությամբ լուծել Սփյուռքի խնդիրները », - նշել է սոցիոլոգը՝ հույս հայտնելով, որ, անկախ ամեն ինչից, մենք մեր երկիրը կդարձնենք բարեկեցիկ պետություն:

Հիշեցնենք. Հայաստանը  սեպտեմբերի 21-ին  նշում է Անկախության օրը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am