Քաղաքացի Գեւորգ Թումասյանն ընդդեմ Երեւանի ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանի գործով սեպտեմբերի 17-ին կայացած դատական նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գեւորգ Թումասյանը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստին փաստաթղթերի, ապացույցների հետ կապված խնդիրների պատճառով հաջորդ նիստը նշանակվել է բավականին ուշ՝ նոյեմբերի 11-ին:

Նշենք, որ Գեւորգ Թումասյանը պահանջում էր, որպեսզի Սամվել Շառոյանը իր անունով գրանցի թռչնանոցը եւ այն բռնագանձվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանի նկատմամբ  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հետախուզում է հայտարարել:

Բանն այն է, որ քաղաքացի Գեւորգ Թումասյանի եւ Սամվել Շառոյանի միջեւ 2009թ պարտավորագիր է ստորագրվել, ըստ որի`  Սամվել Շառոյանը իրենից պարտքով վերցրել է 10 միլիոն դրամ եւ պարտավորվել չվերադարձնելու դեպքում իրեն պատկանող թռչնանոցը տալ: Պարտքի վերաբերյալ են պայմանագիր կնքել, քանի որ թռչնանոցը պետական գրանցում չուներ, սակայն այդպես էլ ոչ գումարը, ոչ թռչնանոցը քաղաքացին չի ստացել: Դրանից հետո սկսվել է դատական գործընթացը, որը տեւել է տարիներ: Դատարանը վճռել է, որ Սամվել Շառոյանը պետք է վերադարձնի քաղաքացու պարտքը, սակայն որոշումը ուժի մեջ մտնելուն պես, Գեւորգ Թումասյանի փոխանցմամբ, նա օտարել է իր գույքը. նվիրատվություն է արել ուրիշներին, որպեսզի խուսափի գումարը վճարելուց:  Եւ երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գնացել է գումարը պահանջելու, նա միանգամից  դուրս է եկել տան գրանցումից եւ ասել, որ ոչինչ չունի, միայն հագուստն է: Գեւորգ Թումասյանը «ոչ գումարի, ոչ թռչնանոցի տերն է»: «Սամվել Շառոյանն էլ խուսափում է թռչնանոցը պետական գրանցել, քանի որ ԴԱՀԿ-ն միանգամից այն կվերցնի:

ԴԱՀԿ որոշում էր կայացրել, որի մեջ նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, հետեւաբար` որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Ավելի ուշ Սամվել Շառոյանը ներկայացել է, ԴԱՀԿ-ն դատարանի որոշմամբ կալանքի տակ է վերցրել թռչնանոցը, որպեսզի վերջինս որեւէ իրավական գործընթաց չանի գույքի հետ։