Ազատության հրապարակում, ՕԵԿ-ի վերաբերյալ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հնչեցրած արտահայտություններն առնվազն անընդունելի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում Սուրեն Սարգսյանի հայտարարությանը, թե ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պնդում է, որ ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել»:
«Երեկ ազատության հրապարակում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ի թիվ մի շարք հարցերի խոսել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության մասին: Նա նախ հայտարարել է մի բացարձակ սուտ, թե իբր ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը անընդհատ պնդում է, թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել, սոցիալական խնդիր ունեն լուծելու եւ այլն: Հովհաննես Մարգարյանը երբեք նման բան չի հայտարարել, հետեւաբար, առավել եւս ազատամարտիկին վայել չէ հրապարակավ նման ապատեղեկատվություն տարածել` առանց ճշտելու տեղեկության իսկությունը:
Ընդհակառակը` Հովհաննես Մարգարյանը նշել է, թե ինչ սոցիալական ծրագրեր կարողանանք իրականացնել ազատամարտիկների ընտանիքների կյանքը թեթեւացնելու համար, դա արդարացված է: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր ամենաթանկը դրեցին մեր խաղաղության, անվտանգության համար: Մենք բոլորս պարտավոր ենք դեմքով շրջված լինել մեր ազատամարտիկներին»,-նշեց Հեղինե Բիշարյանը:
Նրա խոսքով՝ ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը վերաբերում է ազատամարտիկների ավանդների առաջնահերթ փոխհատուցմանը:
«Պետք է նաեւ նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է գալիս ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերով:
Հետեւաբար ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հնչեցրած արտահայտությունները առնվազն անընդունելի են: Առաջին տպավորությունն այն է, թե Սուրենը չարությունից կուրացել է, չի տեսնում նույնիսկ ակնհայտ լավը, կորցրել է ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը, իսկ որ ամենավատն է ՕԵԿ-ի դեմ խոսում է խիստ ուղղորդված»,-ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարն ու հավելեց. «Այդուհանդերձ, ունենալով խորը հարգանք Արցախյան հերոսամարտին մասնակցած բոլոր հայորդիների նկատմամբ, չենք կարող թույլ տալ որեւէ մեկին` անկախ իր ով լինելուց, վարկաբեկել կուսակցությանը, զրպարտել եւ տարածել ճչացող սուտ տեղեկատվություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում ելույթ ունենալով ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ՕԵԿ-ն անվանել էր «հորինված երկիր» եւ նշել. «ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պնդում է, թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել: Այդ ձեր կուսակցությունն է պառակտվել, բաժանվել երկու մասի՝ մի մասը լեսբուհիներին է պաշտպանում, մյուս մասը՝ հոմոսեքսուալներին»:





























