Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանը Գյումրիում նոր երաժշտական դպրոց են բացել: Նրանք զրուցել են դպրոցի աշակերտների հետ եւ ունկնդրել դպրոցական նվագախմբի կատարումները: Դրանից հետո Գիլանը բակում ծառ է տնկել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Դպրոցում աշխատելու է 37 ուսուցիչ, սովորելու՝ մինչեւ 250 երեխա: «Այս դպրոցում արդեն երաժշտություն է հնչում: Դա մեծ ուրախություն է հայ ժողովրդի համար: Իսկ մենք դրանից նոր էներգիա ենք ստանում՝ նոր նախագծերի շուրջ աշխատելու»,-հայտարարել է երգիչը: Նա նաեւ նշել է, որ երկրաշարժի հետ կապված շատ բան չի կարող հիշել, սակայն Սպիտակում մի դեպք դաջվել է ուղեղի մեջ՝ մի տարեց կին անշարժ ձեռքում է պահել ընտանեկան լուսանկար, որի վրա եղել են ընտանիքի 28 անդամներ, նրանք բոլորն էլ մահացել էին:

Երկրաշարժից հետո մի ամբողջ տարի քաղաքում երաժշտություն չի հնչել: «Երաժշտություն չի եղել տներում, դպրոցում, ռադիոյում: Եվ ես ասել էին, որ երբ այս քաղաքում կրկին երաժշտություն հնչի, մենք այստեղ կլինենք: Սկզբում մենք մտածում էինք համերգի մասին: Հետո մտածեցինք «Ռոքը՝ հօգուտ Հայաստանի» նախագծի մասին: Մի կարծեք, որ շատ բան եմ արել: Ես միջոցներ հավաքել չգիտեմ, ես միայն նախագծի դեմքն եմ: Նախագծին շատ լավ մարդիկ են մասնակցել: Նրանք ոչ միայն միջոցներ են հավաքել, այլեւ աշխարհին հասցրել են այն ամենը, ինչ այստեղ տեղի է ունեցեկլ»,-հավելել է Գիլանը:

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ով եւս աջակցել է շինարարությանը, այս անգամ Հյաստան չի ժամանել. Նա բուժվում է լիմֆոմայից: «Սակայն վստահեցնում եմ, որ նա հավատարիմ է այն ամենին, ինչ մենք միասին ենք սկսել, նա ուրախանում է մեզ հետ»,-եզրափակել է Յան Գիլանը:

Հիշեցնենք, որ 1967թ կառուցված դպրոցը կործանվել էր 1988-ի երկրաշարժի ժամանակ: