Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների  հարցերով խորդհրդական Երանուհի Թումանյանցը եւ Արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը քիչ առաջ այցելել են  ձերբակալվածների  պահման վայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանին:

Նրա հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում Վ. Ավետիսյանը որեւէ բողոք չի ներկայացրել, նշել է, որ  ձերբակալումը կապ չունի իր՝ վերջին շրջանում ծավալած հասարակական  ակտիվ գործունեության հետ եւ հավաստիացրել, որ իր նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրվել:

Պաշտպանի ներկայացուցիչները  ծանոթացել են ձերբակալման արձանագրությանը, մնացած փաստաթղթերին՝ փաստելով դրանց իրավաչափությունը: Միաժամանակ Վ. Ավետիսյանին պարզաբանել են իր իրավունքները եւ առաջարկել անհրաժեշտության դեպքում դիմել Պաշտպանի աշխատակազմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է  ձերբակալվել  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:

Գործի նյութերով Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել: «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»,-ասել էր նա: