2013-14թթ. աղետի գոտում եւս 1315 բնակարան կկառուցվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիի քաղաքապետարանում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցությունից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

«Մենք նախագահին զեկուցել ենք աղետի գոտում բնակարանաշինության ընթացքի մասին: Մենք այն վերսկսել ենք 2013թ. սեպտեմբերից», – ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ բնակարան ստանալու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2011թ. նոյեմբերից երկարացվել էր մինչեւ 2012թ. դեկտեմբերի վերջը: Հայտերի  աճի հետ կապված՝ շինարարությունը վերստին նախագծելու անհրաժեշտություն էր ծագել: Այդ պատճառով նոր  բնակարանների շինարարության  հարցը փոքր-ինչ ձգձգվել էր, հավելել է պաշտոնյան:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ու Սամվել Թադեւոսյանը այցելել են Գյումրիի  «Անի» եւ «Մուշ-2» թաղամասեր, ծանոթացել բնակարանաշինության ընթացքին:

Աղետի գոտում (ներառյալ Գյումրին եւ Շիրակի ու Լոռիի մարզերի մի շարք բնակավայրեր) պետական շինաշխատանքների  ընդհանուր ծավալը կկազմի 85 մլրդ դրամ: 2008թ. մեկնարկած ծրագրով արդեն 3760 բնակարան է կառուցվել: Մինչեւ  2013թ. վերջը եւ 2014թ. առաջին կիսամյակը նախատեսվում է կառուցել եւս 1315 բնակարան: Ծրագիրն իրականացվում է 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում: 

Ներկայումս ծրագրի կապալառու «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը Գյումրիում մոտ 430 բնակարան է կառուցում, եւս  32-ը՝ Ախուրյանում: Բացի այդ,  1756թ. արդեն կառուցված բնակարաններում  «Արտինժեներինգ»-ը կրկին կվերանորոգի օդափոխության համակարգերը՝ բնակիչների անվտանգության նկատառումներով: Աշխատանքները կավարտվեն մինչեւ նոյեմբերի 1-ը: