Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս աշխարհի, ողջունում եւ մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա տոնական առիթով:

 Այսօր մեր պետականության վերականգնման պանծալի օրն է, որը խնդությամբ տոնախմբում ենք` հիշելով, որ այն ձեռք է բերվել սերունդների մաքառումի ու զոհողության գնով: Ապավինելով Աստծուն` մեր ժողովուրդը միշտ հուսաց անկախության այս նվիրական արշալույսը` իբրեւ պայման ու երաշխիք իր ազգային զարթոնքի:

Սիրելիներ, մեր նոր պետականությունը դժվարին, բայց վերընթաց ուղի է անցել: Այսօր էլ քիչ չեն հոգսերն ու մտահոգությունները, որոնք պիտի հաղթահարվեն մեր անխոնջ ջանքերով, նախանձախնդրությամբ, նվիրումով ու սիրով, որոնցով կերտել ենք մեր անկախ պետականությունը: Պիտի հոգանք ազատ Հայաստանի ամեն օրվա համար` հանուն մեր հայրենիքի կենսունակության եւ առաջընթացի, հանուն համայն հայության միացյալ եւ պայծառ ապագայի:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Աջի ներքո խաղաղ պահպանի Հայաստանի Հանրապետությունը, օրհնի Մեր զավակներին` ապրելու եւ գործելու հանուն կայուն ու զարգացող մեր երկրի, հզոր ու պայծառ հայրենիքի:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան»: