Հայաստանի ԿԳՆ-ն արձագանքել է Անահիտ Բախշյանի հարցմանը՝ մաթեմատիկայի գրքերի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է. «Ի պատասխան «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված հրապարակային հարցման` առաջին դասարանցիների «Մաթեմատիկայի» դասագրքերով ապահովված չլինելու վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ 2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձեւավորվել է ըստ Երեւանի քաղաքապետարանից եւ մարզպետարաններից ստացված հայտերի:

Պատվիրվել է «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ 35875 հատ դասագիրք, որի գումարը կազմել է 4819400 դրամ: Տպագրված դասագրքերի քանակը համապատասխանում է դպրոցներից ստացված պատվերների ընդհանուր քանակին:

1-ին դասարանցիների «Այբբենարանն» ու «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ դասագրքերը աշակերտներին տրվում են որպես նվեր, ուստի այդ գրքերը երեխաների կողմից դպրոցին ետ չեն վերադարձվում եւ տպագրվում են ամեն տարի:

Մինչեւ այսօր հանրապետության որեւէ դպրոցից ԿԳ նախարարությունը ոչ նշված, ոչ էլ որեւէ այլ դասագրքի պակաս քանակի վերաբերյալ ահազանգ չի ստացել: Եթե բաշխման ժամանակ առաջացել են խնդիրներ, այսինքն դպրոցներում կանխատեսումներից ավել կամ պակաս աշակերտներ են ընդունվել, ինչից էլ հնարավոր է առաջացած լինեն տիկին Բախշյանի հարցադրումները, ապա նման դեպքերում ընդամենը անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կամ մարզային կրթության վարչությանը եւ հարցը լուծում կստանա:

Ինչ վերաբերում է հրատարակիչների կողմից տրամադրվող եւ գրախանութներում, տարբեր վաճառակետերում վաճառելու հարցին, ապա դրանց համար սահմանված ժամկետներ չկան, պարզապես դրանց վրա պետք է բացակայի «Վաճառքի ենթակա չէ» նշագրումը»:

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, առաջին դասարանցիների՝ մաթեմատիկայի գիրք-տետրերով ապահովված չլինելու խնդրով ծնողների ահազանգի հիման վրա նամակ-հարցում էր  ուղարկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: