Աշտարակի բնակիչ 25-ամյա Արթուր Պետրոսյանը Երեւանից 14-ամյա անչափահասի ձեռք է խնդրել եւ մերժում չի ստացել: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am- տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Արթուր Պետրոսյանը,  ամուսնանալով Երեւան քաղաքի բնակչուհի, անչափահաս Ա. Ս.-ի հետ, փոխադարձ համաձայնությամբ  Մուղնի թաղամասում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: 2013թ. ապրիլի 25-ին  անչափահասը ծննդաբերել  եւ դուստր է ունեցել:

Արթուր  Պետրոսյանը դեռեւս 3 տարի առաջ Երեւան քաղաքում հանդիպել է Երեւան քաղաքի բնակչուհի, անչափահաս` 14-ամյա Ա. Ս-ի հետ, համակրել են միմյանց եւ ընկերություն արել շուրջ մեկ տարի: 2012 թվականի հուլիսին, Արթուր Պողոսյանի եւ Արաքսի Ստեփանյանի, ինչպես նաեւ նրանց ծնողների փոխադարձ համաձայնությամբ աղջկա  տանը նրանք նշանադրվել են, այնուհետեւ` 2012թ. օգոստոսի 1-ին` առանց հարսանյաց արարողության, փաստացի ամուսնացել:

Դրանից մի քանի օր անց` օգոստոսի 7-ին, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող տղայի  տանը Արթուր Պետրոսյանը սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած կնոջ  հետ, որից վերջինս հղիացել է: 2013թ. ապրիլի 25-ին  աղջիկը ծննդաբերել, դուստր է ունեցել:

Քննելով գործը` սեպտեմբերի 9-ին դատարանը վճռել է Արթուր Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք  100  հազար ՀՀ դրամի չափով: