Սեպտեմբերի 20-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես է եկավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որին ներկա էին Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հռոմում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարար Նալբանդյանն իր ելույթում ներկայացրել է հայ-իտալական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի։ Արձագանքելով Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչի հարցին՝ նախարար Նալբանդյանը խոսելով Ադրբեջանի բարձագույն ղեկավարության կողմից քարոզվող հայատյացության, Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների, ռազմատենչ հայտարարությունների և պատերազմի սպառնալիքի մասին, ասել է. «Նույնիսկ այսօր, մարդասպան Սաֆարովի հերոսացումից և այդ քայլի համար ողջ աշխարհի, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտվելուց մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը իր տարակուսանքն է արտահայտում միջազգային հանրության դիրքորոշման կապակցությամբ, հակադրվում դրան և գլուխ գովում թե ճիշտ է արել։ Իսկ ի՞նչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ զավեշտալի քայլին։ Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Ամոթալի է, որ որևէ երկրի ղեկավար մարդասպանի հերոսացումը կարող է լավ բան համարել»։
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զգուշացրել է, որ նման մեկի հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների բոլոր ընդունված չափանիշներին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նշել է, որ էթնիկական ատելության հողի վրա հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, այլ ոչ թե հասարակավ հերոսացվի: «Սրանում է կայանում միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության ընկալումների տարբերությունը, այդ պատճառով են միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում տարբեր լեզուներով, այդ պատճառով է Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում քաղաքակրթական անդունդը», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։





























