Սերժ Սարգսյանի Գյումրի կատարած երեկվա այցի ընթացքում տեղի է ունեցել Վարդան Ղուկասյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որը գյումրեցիների ողջ օրվա խոսելիքն ու ասելիքն էր: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Գյումրիի նախկին քաղաքապետը, ով կանգնած է եղել իր կառուցած Ամենափրկիչ եկեղեցու մոտ, ըստ ականատեսների, պարզապես կտրել է Սերժ Սարգսյանի ճանապարհը եւ վերջինիս հրավիրել եկեղեցի՝ զրույցի: Հրավերն ընդունվել է:

Վարդանիկին հաջողվել է Սարգսյանին կտրել թիկնազորից, եկեղեցում այդ պահին կողմնակի մարդ չի եղել: Ղուկասյանն ու Սարգսյանը 10-15 րոպե առանձնազրույց են ունեցել: Այդ ընթացքում Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու մյուսները շվարած կանգնած են մնացել եկեղեցու մոտի եղեւնիների տակ: Թե ինչ են զրուցել Վարղան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը, առաջիկայում կարող է անգամ «պաշտոնապես» հայտնի դառնալ: Ըստ մեր տեղեկությունների՝ Գյումրիի նախկին քաղաքապետը տեւական ժամանակ հանդիպում էր փնտրում Սերժ Սարգսյանի հետ։ Օրեր առաջ նա անգամ ԱԺ էր այցելել՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին խնդրելով միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի դադարեցվեն իր ու իր շրջապատի հանդեպ հետապնդումները...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):