Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվ:

Կրեմլի կայքում հաղորդվում է, որ ռուսական պետության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային զարգացման արդիական  հարցերում՝ նշելով նաեւ միջազգային ասպարեզում հանրապետության բարձրացող հեղինակությունը:

Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել է, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք պատմական խոր արմատներ ունեն, բարձրացել են դաշնակցային գործընկերության մակարդակի եւ շարունակում են ինտենսիվ զարգանալ, ինչի վկայությունը, մասնավորապես, Սերժ Սարգսյանի վերջերս Մոսկվա կատարած այցի արդյունքներն էին:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով պետությունները կապահովեն երկկողմ կապերի հետագա ամրապնդումը, կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը տարբեր բազմակողմ ձեւաչափերով, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում, ինչն, անշուշտ, համապատասխանում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների  շահերին: