Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ պատգամավորներ (ֆոտոռեպորտաժ)։
Նրանք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում ընկածների հիշատակին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, Զոհված ազատամարտիկների հուշակոթողին:
Պաշտոնյանյաներից ավելի շուտ պանթեոն էին գնացել ազատամարտիկները, պատերազմում զոհված ազատամարտիկների ծնողները։ Նրանցից մի քանիսը մոտեցել են Սեյրան Օհանյանին, նամակներ հանձնել նրան ու հանդիպում խնդրել նախարարի հետ։ Սեյրան Օհանյանին ուղեկցողները գրանցել են բոլորի անունները։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Պաշտպանության նախարարը մոտեցել է բոլոր ազատամարտիկներին, սեղմել յուրաքանչյուրի ձեռքն ու շնորհավորել նրանց անկախության տարեդարձի կապակցությամբ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























